Էկոնոմիկայի նախարարությունում չարաշահումների գործով իրավապահները հարցաքննության կկանչեն գերատեսչության ղեկավար Վահան Քերոբյանին, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթը հայտնում է, որ ՔԿ-ն, ըստ ամենայնի, հարցաքննության կհրավիրի Քերոբյանին, քանի որ, ըստ նախաքննական մարմնի քննարկումների, գնումների գործընթացները կատարվել են նախարարի հաստատումով։
Քերոբյանը փետրվարի 1-ին լրագրողներին հայտնել էր, որ իրեն հարցաքննության չեն կանչել։
Հունվարի 31-ին ԱԱԾ-ն Էկոնոմիկայի նախարարությունում իրականացրել էր քննչական գործողություններ և բերման էր ենթարկել փոխնախարար Անի Իսպիրյանին: ՔԿ-ն հայտնել էր, որ նախարարությունում չարաշահումների գործով 7 անձի են ձերբակալել։ Նախաքննությամբ պարզվել էր, որ նախարարության պաշտոնատար անձինք բաժնետիրական ընկերության տնօրենի և աշխատակիցների դրդմամբ և օժանդակությամբ խախտել են պետական գնումների գործընթացի պահանջները, մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են մրցույթին վերջինիս մասնակցությունն իբր անհնար դարձնող պայմաններ։ Ըստ ՔԿ-ի՝ նրան ապօրինաբար դիտել են որպես մրցույթի պայմաններին չհամապատասխանող ու փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել առաջարկ ներկայացրած ընկերությունը:
ԶԼՄ-ները գրել էին, որ գործով իրավապահները ձերբակալել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի կնոջը՝ Անի Գևորգյանին, որին ավելի ուշ դատարանը 2 ամսով կալանավորել էր։