Դատարանը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում չարաշահումների՝ պետական գնումների գործընթացի պահանջները խախտելու գործով անցնող նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ 2 ամսով տնային կալանք է կիրառել, Armenia Today-ին հայտնեց Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։
«Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և Իսպիրյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, 2 ամիս տնային կալանք է կիրառել»,- նշեց խոսնակը։
Հունվարի 31-ին ԱԱԾ-ն Էկոնոմիկայի նախարարությունում իրականացրել էր քննչական գործողություններ և բերման էր ենթարկել փոխնախարար Անի Իսպիրյանին: ՔԿ-ն հայտնել էր, որ նախարարությունում չարաշահումների գործով 7 անձի են ձերբակալել։ Նախաքննությամբ պարզվել էր, որ նախարարության պաշտոնատար անձինք բաժնետիրական ընկերության տնօրենի և աշխատակիցների դրդմամբ և օժանդակությամբ խախտել են պետական գնումների գործընթացի պահանջները, մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են մրցույթին վերջինիս մասնակցությունն իբր անհնար դարձնող պայմաններ։ Ըստ ՔԿ-ի՝ նրան ապօրինաբար դիտել են որպես մրցույթի պայմաններին չհամապատասխանող ու փաստացի հեռացրել մրցույթից: Արդյունքում՝ մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել առաջարկ ներկայացրած ընկերությունը:
ԶԼՄ-ները գրել էին, որ գործով իրավապահները ձերբակալել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի կնոջը՝ Անի Գևորգյանին, որին ավելի ուշ դատարանը 2 ամսով կալանավորել էր։