Քննչական կոմիտեն ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում չարաշահումների գործով՝ պետական գնումների գործընթացի պահանջները խախտելու վարույթներից մեկով, հանրային քրեական հետապնդում է հարուցել 7 անձի նկատմամբ, Armenia Today-ին հայտնել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նա տեղեկացրել է, որ 4-ը պաշտոնատար անձինք են, 3-ը՝ այլ։
«Դատարանն ամբողջությամբ բավարարել է վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված՝ մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ 6 միջնորդություններից 4-ը, իսկ 2-ը բավարարել է մասնակի։ Մասնավորապես, մեկով խափանման միջոց է ընտրել տնային կալանքը, մյուսով՝ կալանքը կիրառել է 1 ամսով»,- հայտնել է Աբրահամյանը։
Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, 3 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը (նրանցից մեկն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինն է՝ Անի Գևորգյանը-խմբ), 3-ի նկատմամբ՝ տնային կալանքը (նրանցից մեկն Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանն է-խմբ․), 1-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։
«Մյուս քրեական վարույթով հունվարի 31-ին ձերբակալված պաշտոնատար անձի նկատմամբ ևս, բավարարելով վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, դատարանը որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը»,- հավելել է Աբրահամյանը։
Հունվարի 31-ին ԱԱԾ-ն Էկոնոմիկայի նախարարությունում իրականացրել էր քննչական գործողություններ և բերման էր ենթարկել փոխնախարար Անի Իսպիրյանին: ՔԿ-ն հայտնել էր, որ նախարարությունում չարաշահումների գործով 7 անձի են ձերբակալել։ Առաջին վարույթի նախաքննությամբ պարզվել էր, որ նախարարության պաշտոնատար անձինք բաժնետիրական ընկերության տնօրենի և աշխատակիցների դրդմամբ և օժանդակությամբ խախտել էին պետական գնումների գործընթացի պահանջները։ Մյուս քրեական վարույթով իրավապահները պարզել էին, որ նախարարության պաշտոնատար անձն ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառու հանդիսացող Վ.Դ.-ի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով և իմանալով վերջինիս ծանոթների՝ այլ շահառուների տվյալները, զեկուցել է, որ նրանց կողմից կատարված աշխատանքները համապատասխանում են ծրագրով սահմանված չափորորշիչներին։
ԶԼՄ-ները գրել էին, որ գործով իրավապահները ձերբակալել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի կնոջը՝ Անի Գևորգյանին, որին ավելի ուշ դատարանը 2 ամսով կալանավորել էր։ Armenia Today-ը փետրվարի 2-ին հայտնել էր, որ դատարանը Իսպիրյանի նկատմամբ 2 ամսով տնային կալանք է կիրառել։