Քաղավիացիայի նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 274 մլն. դրամի վնաս, մեղադրանք է ներկայացվել երեք անձի, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:
Գերատեսչությունը ձեռք է բերել տվյալներ, որ նախկին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում (ներկայում ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե) 2004-2016թթ. ընթացքում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած անձը, իր ենթակայությամբ գործող ավիացիոն կրթությամբ զբաղվող ՓԲ ընկերության ղեկավար պաշտոն զբաղեցրած անձի օժանդակությամբ, պետությանը և ՓԲԸ-ի շահերին պատճառել է էական վնաս։ Այսինքն՝ ՓԲԸ-ի կարիքների համար օդանավի վարձակալության համար հատկացված գումարներից 2013-2018թթ. ընթացքում իրեն փաստացի պատկանող ՍՊԸ-ին անհիմն ավել է փոխանցվել առանձնապես խոշոր չափերի՝ 274.189.598 ՀՀ դրամ գումար:
«2009 թվականից տեղեկացված լինելով ՀՀ-ում փոքր ավիացիայի զարգացման հայեցակարգի շրջանակներում պետպատվերի հիմունքներով տարեկան 4-5 օդաչու պատրաստելու անհրաժեշտության մասին և անտեսելով, որ 1 տարվա օդանավի վարձավճարի չափն ակնհայտորեն գերազանցում է օդանավ ձեռք բերելու արժեքը, 2012 թվականից միջոցներ չի ձեռնարկել քաղավիացիայի գլխավոր վարչությանը հատկացված պետական միջոցներով օդանավ ձեռք բերելու ուղղությամբ։ Ավելին, նույն ժամանակահատվածում «Diamond DA-40» սերիայի օդանավ ձեռք բերելու և իր ենթակայությամբ գործող ավիացիոն կրթությամբ զբաղվող ՓԲ ընկերությանը վարձակալությամբ հանձնելու համար, իրեն փաստացի պատկանող, սակայն հորեղբոր որդու անվամբ գրանցված ՍՊ ընկերության միջոցով բանակցություններ է սկսել Մեծ Բրիտանիայում գործող ընկերության հետ»,- մանրամասնում են կոմիտեից:
Հաղորդում են, որ այն պայմաններում, որ ՍՊԸ-ի կողմից ներմուծվող «Diamond DA-40» սերիայի օդանավն ակնհայտորեն չի համապատասխանել տեխնիկական բնութագրին, Քաղավիացիայի վերոհիշյալ պաշտոնյան իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող վերոնշյալ ՓԲԸ-ի պաշտոնյային բանավոր հանձնարարել է բանակցային ընթացակարգի շրջանակներում ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտի հիման վրա նշված ընկերության հետ կնքել մեկ թռիչքային ժամը 218.900 ՀՀ դրամով «Diamond DA-40 TDI» սերիայի օդանավի վարձակալության պայմանագիր:
Քննությամբ պարզվել է, որ ուսումնական օդանավի վարձակալության պայմանագրերով օդանավի մեկ ժամի վարձակալության առավելագույն արժեքը տվյալ ժամանակաշրջանում կազմել է 130.603 ՀՀ դրամ: Այնուհետ օդանավի մեկ թռիչքային ժամի արժեքը արհեստականորեն բարձրացվել է. 2015 թվականից հիշյալ օդանավի մեկ թռիչքային ժամի արժեքը դարձել է 257.580 ՀՀ դրամ, իսկ 2018 թվականի ապրիլից- սեպտեմբեր՝ 240.000 ՀՀ դրամ:
Նույն պաշտոնյան, 2016թ. հունիսին զբաղեցրած պաշտոնից ազատվելուց ամիսներ անց՝ 2016թ. դեկտեմբերին, կազմակերպել է ՍՊԸ-ի 99% բաժնեմասի սեփականության իրավունքի փոխանցումն իր մորը:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով), հարուցվել է հանրային քրեական հետապնդում և ներկայացվել մեղադրանք: Համապատասխան մեղադրանքներ են ներկայացվել նաև վերջինիս ազգականին և վերոնշյալ ՓԲԸ-ի ղեկավար պաշտոն զբաղեցրած անձին։ Նախաքննությունը շարունակվում է: