Հեռուստահաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը մեկնաբանել է էկոնոմիկայի նախարարությունում չարաշահումների գործով իր սկեսրայր, «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի ձերբակալությունը։ Նա ընդգծել է, որ Հովհաննիսյանին ձերբակալել են հապճեպ, «առանց լուրջ պատճառների»։
«Սկեսրայրս, լինելով ազնիվ և պարկեշտ մարդ, հայրենասեր ու նվիրված հայ, այսօր հավասարեցվել է հանցագործների և զրկվել ազատությունից: Մարդ, ում տարիների ներդրումն IT ոլորտի զարգացման ու կայացման գործում իսկապես շատ մեծ է, ով ճանաչված և հարգված է ինչպես այդ, այնպես էլ այլ ոլորտներում՝ որպես ազնիվ և կոռուպցիայի դեմ պայքարող գործարար, հնարավորություն չունի անգամ գործի քննությանը սպասել իր ընտանիքի կողքին»,- Instagram-ի իր էջում գրել է Թովմասյանը:
Նա հայտնել է, որ Հովհաննիսյանին կալանավորել են հապշտապ, առանց լուրջ հիմքերի: «Պակաս զարհուրելի չէ նաև այն, որ նույն կերպ` մեկ օրում և առանց լուրջ հիմքերի, կալանավորվել է ևս երկու աշխատակցուհի: Այս դեպքում էլ հաշվի չի առնվել նրանց` անչափահաս երեխաներ ունենալու փաստը»,- հավելել է Թովմասյանը:
Փետրվարի 2-ին Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը Armenia Today-ին հայտնել էր, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում չարաշահումների գործով՝ պետական գնումների գործընթացի պահանջները խախտելու վարույթներից մեկով, ՔԿ-ն հանրային քրեական հետապնդում է հարուցել 7 անձի նկատմամբ։ Նա տեղեկացրել էր, որ 4-ը պաշտոնատար անձինք են, 3-ը՝ այլ։