Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը հայտարարություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով «Սիներջի» ընկերության հիմնադիր և տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի և նույն գործով անցնող այլ անձանց կալանավորման վերաբերյալ։
Տեխնոլոգիական ոլորտի միությունը, կարևորելով գործի քննության` բացառապես իրավական ճանապարհով իրականացումը, կոչ է արել փոխել Աշոտ Հովհաննեսյանի և նույն գործով անցնող այլ անձանց նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանքի հետ չկապված այլ միջոցով։
«Խնդրում և հորդորում ենք մինչ քննության ավարտը հնարավորություն տալ Աշոտ Հովհաննիսյանին շարունակել պատվով ներկայացնել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը բազմաթիվ երկրներում»,- նշում են հայտարարության մեջ՝ ավելացնելով, որ տեխնոլոգիական ոլորտի և երկրի համար մտահոգ բազմաթիվ ներկայացուցիչներ ևս ստեղծված իրավիճակում Հովհաննիսյանի և նույն գործով անցնող այլ անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելը դժվարանում են համարել հիմնավոր և անհրաժեշտ միջոց։
Փետրվարի 2-ին Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը Armenia Today-ին հայտնել էր, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում չարաշահումների գործով՝ պետական գնումների գործընթացի պահանջները խախտելու վարույթներից մեկով, ՔԿ-ն հանրային քրեական հետապնդում է հարուցել 7 անձի նկատմամբ։ Նա տեղեկացրել էր, որ 4-ը պաշտոնատար անձինք են, 3-ը՝ այլ։ Հեռուստահաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը մեկնաբանել էր իր սկեսրայր Հովհաննիսյանի ձերբակալությունը՝ այն որակելով «հապշտապ, առանց լուրջ հիմքերի»: