Բարձրագույն դատական խորհուրդը Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանին, Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ Հովսեփ Բեդևյանին, Քրիստինե Մկոյանին, Ռուզաննա Հակոբյանին 2008-ի Մարտի 1-ի վերաբերյալ ՄԻԵԴ վճռով նկատողություն է հայտարարել։
ԲԴԽ-ն բավարարել է դատավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը։ Խորհուրդը տեղեկացրել է, որ ԲԴԽ անդամ Արշակ Վարդանյանը դեմ է Մինասյանի միջնորդության բավարարմանը։
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանին, Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ Հովսեփ Բեդևյանին, Քրիստինե Մկոյանին, Ռուզաննա Հակոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն էր ներկայացրել։
Արդարադատության նախարարի՝ նշված դատավորներին պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը հիմնված է 2021 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության դեմ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի («Հայկական ժամանակ» օրաթերթ) հայցի վերաբերյալ ՄԻԵԴ-ի կայացրած որոշման վրա, որը վերաբերում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերին։
Հայցը վերաբերում էր 2008թ.մարտի 1-ին ՀՀ նախագահի հրամանագրով Երևանում սահմանված արտակարգ դրության ռեժիմի արդյունքում թերթի հրապարակման արգելքին, ինչպես նաև ընկերության կողմից դատարանի մատչելիության մերժմանը: Մասնավորապես, 2008 թվականին «Դարեսկիզբը» փորձել է վիճարկել հրապարակման արգելքը, սակայն նրա հայցերը մերժվել են Վարչական, Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների կողմից։
2021 թվականի սեպտեմբերին ՄԻԵԴ-ը հայցի վերաբերյալ իր վճռում արձանագրել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի (կարծիքի արտահայտման ազատություն) և 6-րդ հոդվածի 1-ին կետի (արդար դատաքննության իրավունք) խախտում։ Մասնավորապես, ՄԻԵԴ-ը գտել է, որ Վարչական դատարանը, մերժելով «Դարեսկիզբ» ընկերության հայցի քննությունը, խախտել է վերջինիս դատարան մուտք գործելու իրավունքը: