ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում չարաշահումների գործով մանկահասակ երեխաներ ունեցող կալանավորված կանանց և «Սիներջիի» տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի ազատ արձակման համար երաշխավորություն ներկայացնել, խորհրդարանում լրագրողներին հայտնել է ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։
Նշենք, որ ՔԿ-ում պետական գնումների գործընթացի պահանջները խախտելու վարույթների շրջանակում կալանավորված անձանց թվում է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը։ Հովհաննիսյանը հեռուստահաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է։
ՔԿ-ն փետրվարի 2-ին նախարարությունում պետական գնումների գործընթացի պահանջները խախտելու վարույթներից մեկով քրեական հետապնդում էր հարուցել 7 անձի նկատմամբ, երկրորդով՝ 1 անձի նկատմամբ։ Նրանցից 4-ը կալանավորված են։ Գործով անցնող Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ դատարանը տնային կալանք է կիրառել։
Հունվարի 31-ին ԱԱԾ-ն Էկոնոմիկայի նախարարությունում իրականացրել էր քննչական գործողություններ և բերման ենթարկել Իսպիրյանին: ՔԿ-ն հայտնել էր, որ նախարարությունում չարաշահումների գործով 7 անձի են ձերբակալել։ Առաջին վարույթի նախաքննությամբ պարզվել էր, որ նախարարության պաշտոնատար անձինք բաժնետիրական ընկերության տնօրենի և աշխատակիցների դրդմամբ և օժանդակությամբ՝ խախտել էին պետական գնումների գործընթացի պահանջները։ Մյուս քրեական վարույթով իրավապահները պարզել էին, որ նախարարության պաշտոնատար անձն ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառու հանդիսացող Վ.Դ.-ի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով և իմանալով վերջինիս ծանոթների՝ այլ շահառուների տվյալները, զեկուցել է, որ նրանց կողմից կատարված աշխատանքները համապատասխանում են ծրագրով սահմանված չափորորշիչներին։