«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին իշխանության թեզերն անվանել է կեղծ օրակարգ։
«Ես չեմ կարծում, որ իրենք այդ գործընթացը կհասցնեն ավարտին։ Սահմանադրության իրենց հնչեցրած թեզերին «Հանարապետականը», բնականաբար, խիստ դեմ է, բայց չեմ կարծում, որ դա այս պահին պետք է լինի Հայաստանի միակ դիսկուրսը և կիսում եմ այն կարծիքը, որ ռեակցիոն պատասխանելը դրան որևէ օգուտ չի բերում»,- ասել է Մամիջանյանը։
Նա հավելել է, որ կհետևեն իրադարձություններին և ըստ դրա՝ կհայտնեն իրենց դիրքորոշման մասին։
Մամիջանյանի կարծիքով՝ Հայաստանի կարևորագույն օրակարգն իշխանափոխությունն է, քանի որ «Հայաստանի անունից հիմնական բանակցողն» զբաղված է բացառապես Ադրբեջանի ուլտիմատումների կատարմամբ։
«Իշխանափոխությունը ոչ միայն ընդդիմության և «Հանրապետականի» օրակարգն է, դա միակ փրկության տարբերակն է։ Եթե տեսնեք, թե ինչ ուղղությամբ են զարգանում բանակցային գործընթացները, ինչ ականներ են վերջին վեց տարվա ընթացքում դրվել այդ գործընթացի տակ և շարունակվում են դրվել, կհասկանաք, որ Հայաստանի Հանարապետության անվտանգությունն այլընտրանք չունի, քան Փաշինյանի հեռացումը»,- ընդգծել է նա։