Գլխավոր դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում հաշտության համաձայնություն է կնքել Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի և նրան փոխկապակցված անձանց հետ, հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը:
Գերատեսչությունը հիշեցնում է, որ 2021 թվականի հուլիսի 31-ին Տավուշի նախկին մարզպետը ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու գործով:
2023 թվականի հունվարի 23-ին Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով հայցադիմում:
«2024 թվականի հունվարի 22-ին Հովիկ Աբովյանի և նրան փոխկապակցված անձանց կողմից Գլխավոր դատախազություն էր ներկայացվել գործի քննությունը հաշտությամբ ավարտելու վերաբերյալ դիմում, որով վերջիններս պատրաստակամություն էին հայտնել Հայաստանի Հանրապետության սեփականությանը փոխանցել 608 մլն 634 հազար դրամ (1,5 մլն ԱՄՆ դոլար), որը կազմում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով դատարան ներկայացված հայցադիմումի արժեքի 75.84 տոկոսը»,- մանրամասնում է դատախազությունը:
Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ հաշտության համաձայնությունը դատարանի կողմից ենթակա է հաստատման մեկամսյա ժամկետում։