Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը պատմել է իր պաշտոնանկության մանրամասների մասին։ Նա դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է իրեն առաջարկել աշխատանքից ազատման դիմում գրել:
«Դուք ճիշտ գրել եք դրա մասին»,- պատասխանել է նա լրագրողի հարցին։
Քերոբյանը նշել է, որ վարչապետ Փաշինյանի հետ ուղիղ շփում չի ունեցել: Գրավոր շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար ու ստացել նույնաբովանդակ պատասխան:
Լրագրողները հետաքրքրվել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ նրա հարաբերություններով: Քերոբյանն ասել է, որ հարաբերությունները եղել են աշխատանքային՝ և՛ դրական, և՛ բացասական կողմերով:
Հարցին, թե ինչը դուր չէր գալիս իշխանություններին, արդյոք իրականության մասին իր բարձրաձայնո՞ւմը, Քերոբյանն ասել է, որ դա, առաջին հերթին, իրե՛ն դուր չէր գալիս: Լրագրողի հարցին, թե ի՞նչը, ճշմարտության բարձրաձայնո՞ւմը, Քերոբյանն ասել է՝ ճշմարտությունը դուր չէր գալիս:
Նա հույս է հայտնել, որ հաջորդ նախարարն ավելի լավ կաշխատի: Միևնույն ժամանակ՝ դրական է արտահայտվել թե՛ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի, թե՛ Գևորգ Պապոյանի մասին, որոնց թեկնածության մասին խոսում են:
Դատարանը նախկին նախարարին երկու ամսով տնային կալանքի էր ենթարկել: ՀՀ նախագահը փետրվարի 14-ին Քերոբյանին ազատել էր Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից։ Նախկին նախարարին մեղադրանք է առաջադրվել փետրվարի 15-ին՝ Էկոնոմիկայի նախարարությունում չարաշահումների գործով ` գնումների գործընթացի հետ կապված, որին մասնակցել են «Սիներջի» ընկերությունն ու «Հարմոնիա» հիմնադրամը։ Քերոբյանը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը: