Անհայտ անձը կրակոցներ է արձակել Նոր Նորքի թաղապետարանի ապակիների ուղղությամբ, Armenia Today-ին հայտնեց ՀՀ ՆԳՆ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը: Նրա խոսքով՝ ոստիկանությունը 08։54 ահազանգ է ստացել թաղապետարանի հետնամասի 2-րդ հարկի պատուհանների վրա կրակոցների մասին:
«Ոստիկանությունն այս պահին դեպքի վայրում է, հաղորդումը փոխանցվել է Քննչական կոմիտեին»,- ասաց Գաբրիելյանը:
ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրհամյանը Armenia Today-ին հայտնեց, որ ՔԿ-ն դեպքի առնչությամբ վարույթ է նախաձեռնել ՔՕ 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև ութ տարի ժամկետով):
«Քննություն է սկսվել, հանգամանքները պարզվում են: Գործով որևէ անձ դեռևս չի անցնում»,- ասաց Աբրահամյանը:
Shamshyan.com-ը հայտնել էր, որ անհայտ անձը կրակոցներ է արձակել Երևանի Նոր Նորքի թաղապետարանի երկրորդ հարկի պատուհանների ուղղությամբ, որտեղ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի աշխատասենյակն է: Ոստիկանության աշխատակիցներն ապակիների վրա յոթ կրակոցի հետքեր են հայտնաբերել, նշել է լրատվականը: