«Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի խափանման միջոցը փետրվարի 21-ին դատախազն իր սեփական նախաձեռնությամբ փոխել է տնային կալանքով՝ գրավի և պետությունից բացակայելու դիմաց, հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Փետրվարի 2-ին ՔԿ-ն հայտնել էր, որ Էկոնոմիկայի նախարարությունում գնումների գործընթացում չարաշահումների գործով կալանավորվել է 4 անձ (այդ թվում՝ Հովհաննիսյանը-խմբ․)։
Գերատեսչությունը չի բացահայտել գրավի չափը։ Դատախազությունը հայտնել է, որ խափանման միջոցը փոխել է Հովհաննիսյանի ցուցմունքներից հետո։
«Մեղադրյալը ցուցմունքներ է տվել քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, նրա մասնակցությամբ կատարվել են առերեսումներ։ Այս պայմաններում վարույթի ներկա փուլում էականորեն նվազել է մեղադրյալի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու, ապացուցման գործընթացին միջամտելու հավանականությունը»,- ասված է Դատախազության հաղորդագրության մեջ։
Քննչական կոմիտեն փետրվարի 2-ին հայտնել էր, որ նախարարությունում պետական գնումների գործընթացի պահանջները խախտելու վարույթներով 8 անձի նկատմամաբ քրեական հետապնդում է հարուցել։ Չորս անձի կալանավորել էին, այդ թվում՝ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը՝ Անի Գևորգյանին, տնային կալանք կիրառել էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ։ Փետրվարի 12-ին գրավի դիմաց ազատ էին արձակվել «Սիներջի» ընկերության 2 աշխատակիցները՝ Լիլի Մկրյանը և Գևորգյանը։