Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի ֆիթնես մարզից Քամիլ Զեյնալլին: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նրա հանդեպ Հայաստանը միջազգային հետախուզում է հայտարարել 2020 թվականի սեպտեմբերի 29-ին՝ 44-օրյա պատերազմի երրորդ օրը:
Զեյնալլիին ՀՀ իրավապահները մեղադրում են սպանության մեջ, Armenia Today-ին հայտնեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
«Նա մեղադրվում է սպանություն կատարելու մեջ»,- ասաց նա՝ չհստակեցրելով, թե ՔՕ կոնկրետ որ հոդվածով է մեղադրվում Զեյնալլին։
Սարգսյանը հաստատեց տեղեկությունն այն մասին, որ Զեյնալլիի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել, սակայն չնշեց հետախուզում հայտարարելու կոնկրետ ժամկետը:
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն Armenia Today-ին հայտնեց, որ դեռևս չի կարող նշել ՔՕ այն հոդվածները, որոնցում մեղադրվում է ադրբեջանցին: «Տեղեկությունները ճշտվում են, կհայտնեմ ավելի ուշ»,- ասաց նա:
Նշենք, որ ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլին ձերբակալվել է հունվարի 20-ի գիշերը` Բաքու մեկնելիս: Զեյնալլին մի շարք վայրագություններ է կատարել Արցախում, դանակով գլխատել հայ ծերունու։