Հակակոռուպցիոն կոմիտեն Armenia Today-ին հայտնել է Առողջապահական տեսչական մարմնի (ԱԱՏՄ) բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանին կաշառքի գործով ձերբակալելու մասին:
Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակը նշել է, որ գործը հակակոռուպցիոն դատարանում է քննվում, մեղադրող կողմը միջնորդություն է ներկայացրել կալանավորման համար՝ չհստակեցնելով, թե ինչ ժամկետով:
Հակակոռուպցիոն դատարանից Armenia Today-ին պարզաբանել են, որ խափանման միջոցի մասին որոշում դեռ չի կայացվել, նաև չեն մանրամասնել, թե Քրեական օրենսգրքի որ հոդվածներով է մեղադրվում Աբրահամյանը, քանի որ «գործը գտնվում է մինչդատական վարույթում»: Նա պարզաբանել է, որ խոսքը կաշառք ստանալու մասին է:
«Ազատություն» ռադիոկայանի տվյալներով՝ ԱԱՏՄ վարչության պետին ենթադրյալ կաշառք տվողը «Վիոլետա» ԲԿ-ի տնօրենն է՝ Վիոլետա Սարգսյանը, որը խոստովանական ցուցմունք է տվել: Հակակոռուպցիոն կոմիտեից ո՛չ հերքել, ո՛չ հաստատել են այս տեղեկությունը: