Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ հատել է ՀՀ պետական սահմանը, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն: Նրանց մեղադրանքներ են առաջադրվել:
Կոմիտեն հայտնում է, որ փետրվարի 20-ին Երևան քաղաքի տարբեր հասցեներից հայտնաբերվել և ձերբակալվել են Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ Ի.Ք-ն, Է.Յ.-ն և ՀՀ քաղաքացի Ա.Մ.-ն:
Կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ի.Ք.-ն և Է.Յ-ն, «Բագրատաշեն» անցակետով կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, ապօրինի՝ առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, հատել են ՀՀ պետական սահմանը և մուտք գործել ՀՀ, իսկ ՀՀ քաղաքացի Ա.Մ-ն առերևույթ օժանդակել է Է. Յ.-ի կողմից կեղծ փաստաթուղթ օգտագործելուն և ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելուն:
Քննիչի կողմից Ի.Ք-ին և Է.Յ.-ին մեղադրանքներ են ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը, պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով) և 469-րդ հոդվածի 1-ին մասով (առանց սահմանված փաստաթղթի կամ պատշաճ թույլտվության ՀՀ պետական սահմանը հատելը, պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով), իսկ ՀՀ քաղաքացի Ա.Մ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-457-րդ հոդվածի 1-ին մասով և 46-469-րդ հոդվածի 1-ին մասով:
Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ մեղադրյալների նկատմամաբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ:
Գերատեսչությունը հայտնում է, որ Թուրքիայի քաղաքացիները կալանավորվել են, իսկ Ա.Մ-ի նկատմամաբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և բացակայելու արգելքը: Նախաքննությունը շարունակվում է: