Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը նշել է արցախցուն սպանած ադրբեջանցի բնակիչ Քամիլ Զեյնալլիին Ռուսաստանի կողմից ազատ արձակելու հնարավոր պատճառները, գրում է «Հրապարակը»-ը։
«Մինսկի կոնվենցիան կարգավորում է քրեական-քաղաքացիական գործերն անդամ պետությունների միջև: Կարծում եմ` այս կոնվենցիայի շրջանակներում է անձը ձերբակալվել: Հաջորդող գործընթացներ ևս առկա պետք է լինեին, մասնավորապես՝ ժամանակավոր կալանավորման հարցում պետք է պետությունն ուղարկեր, ինչպես նաև հանձնման խնդրանք` կից փաստաթղթերով` 30-օրյա ժամկետով»,- ասել է Սահակյանը։
Նրա խոսքով՝ եզակի են այն դեպքերը, երբ սեղմ ժամկետներում որոշումներ են կայացվում: Նա չի բացառել, որ որոշ երկրներ այս պրոցեսները կարող են որակել որպես քաղաքական պրոցեսներ` կոնֆլիկտի հետ կապված։
«Սակայն այս միջադեպն ունի առանձնահատկություն, այն ոչ թե զինված ընդհարման շրջանակներում առնչվում է քաղաքացիական անձանց հրետակոծելու մահվան դեպքերին, այլ խոսքը գնում է գլխատման մասին: Ռասսայական հիմքով կատարված ծիսական սպանությունները չեն կարող որակվել քաղաքական բնույթի գործեր: Պաշտոնական աղբյուրները պետք է բացատրություններ տան Զեյնալլիի՝ Ադրբեջան արտահանձնման հանգամանքների վերաբերյալ»,- ասել է Սահակյանը։
Զեյնալլին ձերբակալվել էր փետրվարի 20-ի երեկոյան՝ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, ապա փետրվարի 21-ին Ադրբեջանի իշխանությունների օգնությամբ ազատ էր արձակվել, որից հետո վերադարձել էր Բաքու։ Հայաստանի ՆԳՆ-ն Armenia Today-ին հայտնել էր, որ Զեյնալլիին Հայաստանին հանձնելու փաստաթղթերի փաթեթ են նախապատրաստում։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Armenia Today-ին ասել էր, որ Զեյնալլիին ՌԴ-ի կողմից ազատ արձակման շուրջ կոլեգիալ քննարկումներ կլինեն։ Դատախազությունն արցախցուն սպանելու մեջ մեղադրվող ադրբեջանցուն ՀՀ-ին հանձնելու միջնորդություն էր ուղարկել ՌԴ։