Իրավապահները պարզել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրի ուղղությամբ կրակոց արձակած անձի ինքնությունը, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն: Նա Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 2001 թվականին։
Գերատեսչությունը նշում է, որ 2024թ․ փետրվարի 20-ին նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվել պարզելու Երևան քաղաքի Գայի պողոտա, 19-րդ շենք հասցեում գտնվող Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրի վարչական շենքի ապակիներին, վարչական շենքի ավտոկայանատեղիում հետնամասը դեպի շենքը կայանված` ֆիզիկական անձի պատկանող «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակուն, ինչպես նաև հարակից «Հ․Դանիելյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի հետնամասում գտնվող առաջին հարկի ապակու վրա առերևույթ կրակոցներ արձակվելու հանգամանքները և հանցագործությունն առերևույթ կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Տարածքում առկա տեսանկարահանող սարքերի պարունակության ուսումնասիրության, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կասկածյալը կրակոցներ է արձակել Պ. Սաֆյան անցուղուց դեպի հարակից այգու տարածք, այնուհետև նստելով ավտոմեքենան՝ վարելու ընթացքում ատրճանակով կրակոցներ է արձակել Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի շենքի պատուհաններին, առաջ ընթանալու ընթացքում՝ նաև «Ա.Դանիելյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ շենքի պատուհաններին, ինչպես նաև՝ ավտոկայանատեղիում կայանված «NISSAN TIDA» ավտոմեքենայի հողմապակուն։
Երևանի 23-ամյա բնակչի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (Զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով կատարված խուլիգանություն, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով) հանրային քրեական հետապնդում է հարուցվել:
Մեղադրյալի բնակության հասցեում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է թվով 15 փամփուշտ, իսկ նրա կողմից շահագործվող «Նիսսան» մանիշի ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է զիպ փաթեթ, որի մեջ եղել է դեղնականաչավուն զանգվածներով երկու փաթեթ՝ ընդհանուր շուրջ 1,5 գրամ քաշով, ինչպես նաև 1 փաթեթ, որի մեջ առկա է եղել 5 հատ կարմիր գույնի կպչուն ժապավենով փաթեթ՝ ընդհանուր 11.02 գրամ քաշով զանգվածով, նշանակվել է փորձաքննություն։ Մեղադրյալի նկատմամբ դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։
Փետրվարի 20-ին Armenia Today-ը հայտնել էր, որ անհայտ անձը կրակոցներ է արձակել Նոր Նորքի թաղապետարանի ապակիների ուղղությամբ: