16-րդ դարի փաստաթուղթը կարող է չեղարկել Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» հողամասի վաճառքը, հայտնել է Haaretz-ը։
«1574 թվականին Երուսաղեմի հայ եպիսկոպոս Անդրեաս բեն Իբրահիմը դիմել է քաղաքային շարիաթի դատարան՝ խնդրելով որպես նվիրատվություն իր եղբոր անունով գրանցել «հողատարածքը, որը ներառում է խաղողի, թզի, ձիթապտղի և նռան ծառեր»»,- գրել է թերթը:
Օսմանյան ժամանակաշրջանի նվիրատվության ակտում նշված է, որ պատրիարքը միայն նվիրատվության հոգաբարձուն է, նրան արգելված է վաճառել հողը և նա կարող է այն օգտագործել միայն ի շահ հայ համայնքի: Պատմական փաստաթուղթը գտել են Երուսաղեմի հայ համայնքի փաստաբանները՝ Սամի Արշիդի գլխավորությամբ։
«Նվիրատվության մասին դատական նիստի արձանագրության մեջ ասվում է, որ եղբոր մահից հետո նվերը ժառանգաբար փոխանցվելու է եպիսկոպոսի եղբոր որդիներին, իսկ նրանց մահից հետո իրենց զավակներին և այդպես շարունակ։ Ըստ փաստաթղթի՝ եթե ժառանգ չմնա, հողը կփոխանցվի Երուսաղեմի հայ քրիստոնեական համայնքին»,- պարզաբանել է թերթը։
Haaretz-ը նշել է, որ վիճելի հատվածը նաև հին քաղաքի վերջին մեծ բաց տարածքն է, բացառությամբ՝ Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի, որոնք գտնվում են հայկական վանքի և Հին քաղաքի պատերի միջտեղում։
Վաճառքի գործարքը վիճարկող հայցի մեջ փաստաբանները նաև քննադատել են պայմանագրի պայմանների անտրամաբանական լինելը:
«Սա աշխարհում նմանը չունեցող մեծ հողատարածք է, որը վարձակալված է վարձավճարով, որն ավելի քիչ է, քան Երուսաղեմի Մամիլլա, Տալբիե կամ հրեական թաղամասերում մեկ բնակարանի վարձը»,- ասված է հայցում:
Հայ համայնքը նաև նշել է, որ եթե հողն ամբողջությամբ պատկաներ պատրիարքին, նա, միևնույն է, իրավունք չուներ այն վաճառել առանց հայկական թաղամասի հիմնական կրոնական կառույցի՝ Սուրբ Հակոբ վանքի գլխավոր խորհրդի թույլտվության:
2023 թվականի հունիսին «Թաղամասի փրկության շարժման» համահիմնադիր Հակոբ Ջերնազյանը BBC-ի ռուսական ծառայությանը հայտնել էր, որ Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող հայկական թաղամասի մի մասը 99 տարով վարձակալության է տրվել «հրեական ծագումով ավստրալացի խորհրդավոր գործարարին՝ էլիտար զարգացման համար»: Նոյեմբերի 1-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հայտարարել էր գործարքը չեղարկելու մասին։ Դեկտեմբերի 28-ին մոտ 30 սադրիչներ «Կովերի այգում» հարձակվել էին հայերի վրա, ինչի համար պատրիարքարանը մեղադրել էր «Xana Capital»-ի ղեկավարությանը։ 2024-ի փետրվարի 19-ին Երուսաղեմի հայ համայնքը հայց էր ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել պայմանագիրը։