Ադրբեջանցի Քամիլ Զեյնալլիի ձերբակալումից հետո ՌԴ-ից ստացել ենք հարցում և իրավաչափ պատասխանել, ասել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանը՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում։
Նրա խոսքով՝ պատասխանն ուղարկել են հարցումն ստանալու օրը, որևէ ուշացում չի եղել։ Նախարարը մեկնաբանել է, որ ցանկացած միջազգային հետախուզման դեպքում հետախուզվողին հայտնաբերող երկիրը հարցում է ուղարկում հետախուզում հայտարարած երկրին, որպեսզի հստակեցնի, թե իսկապե՞ս այդ մարդու նկատմամբ է հայտարարված։ «Դա սովորական ընթացակարգ է»,- ասել է նա։
Նախարարը չի հստակեցրել, թե արդյոք հարցման պատասխանն ուղարկե՞լ են Զեյնալլիին ազատ արձակելուց հետո։ «Չեմ կարող ասել։ Մենք մեր գործառույթից, ընթացակարգից չենք շեղվել»,- պատասխանել է Ղազարյանը։
Նրա խոսքով՝ այլ հետախուզվողներ ևս եղել են, որոնց ՌԴ-ում բերման են ենթարկել, ապա՝ բաց թողել։ Հարցին, թե Միհրան Պողոսյանն այդ մարդկանց շարքո՞ւմ է՝ Ղազարյանը պատասխանել է, որ նրա մասին հարցում չեն ստացել։ Թե նախկին ո՞ր պաշտոնյաների շուրջ են եղել նման դրվագներ, Ղազարյանը դժվարացել է հիշել։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փետրվարի 22-ին Armenia Today-ին մեկնաբանել էր ռուս իրավապահների կողմից Հայաստանի կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցի Զեյնալլիի ազատ արձակումը։ Արցախի բնակչի սպանության համար Զեյնալլին ձերբակալվել էր փետրվարի 20-ի երեկոյան՝ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, ապա փետրվարի 21-ին Ադրբեջանի իշխանությունների օգնությամբ ազատ էր արձակվել, որից հետո վերադարձել էր Բաքու։ Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը Armenia Today-ին հայտնել էր , որ Զեյնալլիին արտահանձնելու հարցում էր ուղարկելու Ռուսաստանին։