Եվրախորհրդարանը անվտանգության և պաշտպանության քաղաքականության վերաբերյալ երկու բանաձև է ընդունել, որոնցով Բրյուսելին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության դեմ, կասեցնել Բաքվի հետ ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը, հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Խորհրդարանը ԵՄ-ին նաև կոչ է արել Հայաստանի դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում կասեցնել նավթի և գազի ներմուծումն Ադրբեջանից, դադարեցնել Ադրբեջանի հետ նոր գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները։
Հովհաննիսյանը հայտնել է, որ բանաձևերում մատնանշվել է նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատն ուժեղացնելու, դրա գործողության ժամկետը երկարացնելու, Հայաստանի և Թուրքիայի սահմանին ևս դիտորդներ տեղակայելու անհրաժեշտության մասին։
Եվրոպական միությունը 2023 թվականի փետրվարի 20-ին մեկնարկել էր Հայաստանում քաղաքացիական առաքելության աշխատանքը՝ անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում: Առաքելության անձնակազմը սկզբնական շրջանում կազմում էր մոտ 100 մարդ, այդ թվում՝ 50 անզեն դիտորդ։ Առաքելության շտաբը գտնվում է Եղեգնաձորում և ունի վեց օպերատիվ բազա և կապի փոքր գրասենյակ Երևանում: ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը 2023 թվականի դեկտեմբերին հայտարարել էր Հայաստանում ԵՄ դիտորդների առաքելության աշխատակիցների թիվը 138-ից 209 դարձնելու որոշման մասին։