Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեն Միասնական սոցիալական ծառայության պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու դեպքեր է բացահայտել, հայտնում է Կոմիտեն։
Ըստ գերատեսչության՝ ծառայության տարածքային կենտրոններից մեկի ստորաբաժանման ղեկավար Ս. Հ.-ն իրենց դիմած կնոջ կենսաթոշակի գործի կազմման համար նրա ամուսնուց պահանջել և իր աշխատասենյակում ստացել է ընդհանուր՝ 400 000 դրամ կաշառք:
«Մեկ այլ անձի կենսաթոշակի գործին վերաբերող համապատասխան փաստաթղթերը ձևակերպելու համար 2023թ․ նոյեմբերին նրանից ստացել է 60 000 դրամ կաշառք: Մեկ այլ դրվագով պարզվել է, որ Ս. Հ.-ն երկքաղաքացի անձի համար թոշակավորման փաստաթղթեր ձևակերպելու համար նրա ընկերոջից պահանջել է մեկ տարվա կենսաթոշակի չափով, ընդհանուր՝ 432 000 դրամ կաշառք։ Մեկ այլ թոշակառուի օգտին իբրև թե ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ կենսաթոշակի գործի կազմման, այդ գործում վերջինիս աշխատանքային ստաժի տևողության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ներառելու համար պահանջել է և ստացել է 300 000 դրամ»,- ասված է կոմիտեի հաղորդագրության մեջ։
Պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 5 տարի ժամկետով) և Քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի մասի 1-ին մասով (կաշառք ստանալու պատրվակով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 5 տարով):