Երևանի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին, Armenia Today-ին հաստատել են Բաբայանը և Բաբլոյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։
Բաբլոյանի և Բաբայանի դեմ քրեական գործերը հարուցվել էին 2019 թվականին։ Արա Բաբլոյանին մեղադրանք էր առաջադրվել մինչև 2022-ը գործող Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք): Բաբայանին մեղադրանք էր առաջադրվել 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն հանցակից լինելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք): Նշված արարքների համար առավելագույն պատիժը 3 և 4 տարի ժամկետով ազատազրկումն է։
2021-ի մարտին դատարանը վերացրել էր Բաբլոյանի նկատմամբ ընտրված՝ ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին խափանման միջոցը։ 2019-ի նոյեմբերին դատարանը Բաբայանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխել էր՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելով անձնական երաշխավորությունը։