Մարտի 12-ին Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի մոտ 17-ամյա ուսանողի սպանության դեպքի առթիվ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել, Armenia Today-ին հայտնել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նա հայտնել է, որ վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն՝ զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարի ժամկետով-խմբ․): ՔԿ խոսնակը հավելել է, որ քրվարույթը նախաձեռնվել է նաև 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (անչափահասի սպանություն, առավելագույն պատիժը՝ ցմահ ազատազրկում):
Աբրահամյանը տեղեկացրել է, որ ակտիվ քննություն է իրականացվում։ ՔԿ-ից կասկածյալների կամ մեղադրյալների վերաբերյալ դեռ տեղեկություններ չեն հայտնում։ Աբրահամյանը հայտնել է, որ կարճ ժամանակ անց ինֆորմացիա կհրապարակեն։
Մարտի 12-ին Shamshyan.com-ը հայտնել էր, որ Ինֆորմատիկայի պետական քոլեջի մոտ վիճաբանություն էր տեղի ունեցել, 18-ամյա ուսանող էր դանակահարվել։ ԶԼՄ-ն գրել էր, որ երիտասարդին դանակի մի քանի հարված են հասցրել: