Քննչական կոմիտեն հայտնել է Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի 17-ամյա ուսանողի սպանության հանգամանքները և տեղեկացրել, որ դեպքի առնչությամբ 21-ամյա երիտասարդ է ձերբակալվել։
ՔԿ-ի փոխանցմամբ՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել նշված քոլեջի հարևանությամբ՝ Երևան քաղաքի Մամիկոնյանց 52/3 հասցեի մոտ:
Նախնական տվյալներով՝ տուժողի և ենթադրյալ հանցագործություն կատարած անձի միջև մի քանի վիճաբանություն է տեղի ունեցել, այդ թվում՝ դեպքից մի քանի օր առաջ։ ՔԿ տվյալներով՝ այդ վիճաբանության ժամանակ 17-ամյա երիտասարդը հայհոյել է 21-ամյա երիտասարդին, ով, ի պատասխան, վերջինիս սպառնացել է հաշվեհարդար տեսնել:
«2024 թվականի մարտի 12-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, 17-ամյա երիտասարդն ընկերոջ հետ գտնվել է քոլեջին հարող տարածքում գործող սննդի կետի մոտ, երբ 6-7 երիտասարդներ, այդ թվում՝ 21-ամյա երիտասարդը, վազել են տուժողի ուղղությամբ: Նշված անձանցից մեկի ձեռքում փայտե մահակ է եղել, իսկ 21-ամյա երիտասարդի ձեռքին՝ դանակ»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ երիտասարդների միջև կրկին վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ 21-ամյա երիտասարդը դանակով մի քանի անգամ հարվածել է 17-ամյա երիտասարդի մարմնի տարբեր հատվածներին, ինչի հետևանքով նա վայր է ընկել, որից հետո տղաները գետնին ընկած վիճակում շարունակել են ոտքերով հարվածներ հասցնել երիտասարդի մարմնին, իսկ 21-ամյա երիտասարդը դանակով հարվածել է նրան: Հավաքված անձանց միջամտության արդյունքում վիճաբանությունը դադարել է, հիշյալ 6-7 տղաները դիմել են փախուստի։
Մարտի 13-ին ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանն Armenia Today-ին հայտնել էր, որ 17-ամյա ուսանողի սպանության դեպքի առթիվ կոմիտեն քրվարույթ է նախաձեռնել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն՝ զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարի ժամկետով-խմբ․), 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (անչափահասի սպանություն, առավելագույն պատիժը՝ ցմահ ազատազրկում):