«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի առանձնատան և Գյուլբենկյան փողոցում տեղակայված ՔՊ կուսակցության գրասենյակների մոտ 2024թ․ փետրվարին կազմակերպված ենթադրյալ ահաբեկչության դեպքերով նախաձեռնված քրեական վարույթով մեղադրյալ դաշնակցական Գագիկ Սարգսյանը չի ընդունել մեղքը, հայտնում է Սարգսյանի պաշտպան Վահե Եփրիկյանը:
«Ի հեճուկս ՀՀ Քննչական կոմիտեի տարածած տեսանյութի և պահպանելով նախաքննության գաղտնիությունը` ցանկանում եմ ներկա պահին հայտնել, որ պաշտպանյալս` Գագիկ Սարգսյանը, ներկայացված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել։ Ավելին, մեր գնահատմամբ՝ մեղադրանքը խիստ վերացական է, ակնհայտորեն չի համապատախանում քրեադատավարական չափորոշիչներին, մասնավորապես` հայտնի չէ, թե Սարգսյանը հատկապես ի՞նչ գործողություններ է իրականացրել նշյալ հանցակազմի իմաստով, ուստի ՔԿ-ի տարածած հաղորդագրության վերնագիրը, թե «ահաբեկչության դեպքերը բացահայտվել են», խստագույնս չափազանցված է»,- նշել է նա։
Պաշտպանը հույս է հայտնել, որ հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված չլինելու և կալանքի հիմքերի բացակայության պայմաններում վաղը` ժամը 11։00-ին, դատարանը կմերժի ներկայացված կալանավորման միջնորդությունը։
Քննչական կոմիտեն մարտի 13-ին քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով քրեական հետապնդում էր հարուցել չորս մեղադրյալի նկատմամբ՝ 2024թ․ փետրվարի 10-ին Երևանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տանը (Նոյ թաղամաս, 143/1), 2024թ․ փետրվարի 20-ին ՔՊ գրասենյակում (Գյուլբենկյան 30/3), ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանի գրասենյակում (Գյուլբենկյան 33) ահաբեկչություններ կազմակերպելու համար։ Գերատեսչությունից պարզաբանել են, որ ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, այդ թվում՝ ահաբեկչություն կատարելու համար, քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ: Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ մյուս երկուսը ձերբակալված են:
Այսօր առավոտյան լրագրող Արամ Սարգսյանը հայտնել էր, որ իր հայրը՝ ՀՅԴ կուսակցության անդամ Գագիկ Սարգսյանը, առավոտյան ժամը 7-ին ԱԱԾ ներկայացուցիչների կողմից բերման է ենթարկվել։