Մարտի 5-ին Երևան քաղաքի Պուշկին փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ծեծի է ենթարկվել Երևան քաղաքի բնակիչ Յուրի Մինասյանը, որը մարտի 14-ին հիվանդանոցում մահացել է, հայտնում են Քննչական կոմիտեից։ Մարտի 6-ին ՔԿ-ն դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնել։
«Քննությամբ պարզվել է, որ Մինասյանը մարտի 5-ին իր ընկերների հետ գտնվել է Պուշկին փողոցում գործող «Բիթլզ» ակումբում, որտեղ տարաձայնություններ են առաջացել այնտեղ գտնվող մեկ այլ անձի՝ Երևան քաղաքի բնակիչ Հ․Մ․-ի հետ։ Պարզաբանումների նպատակով վերջիններս դուրս են եկել այնտեղից և գնացել Փարպեցի փողոցում գտնվող Սրբ. Զորավոր եկեղեցու հետնամաս։ Այնտեղ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Հ․ Մ․-ն բռունցքներով հարվածներ է հասցրել Մինասյանի դեմքին՝ պատճառելով ծանր զուգակցված գանգուղեղային վնասվածք՝ գանգի բազմաթիվ ոսկրերի կոտրվածքներով»,- հայտնել է ՔԿ-ն։
Հ․ Մ․-ի նկատմամբ ՔԿ-ն ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ և 15-րդ կետերով (խուլիգանական դրդումներով մեկ ուրիշին ծանր մարմնական վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է հանցագործությունից տուժած անձի մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 10 տարի ժամկետով) հանրային քրեական հետապնդում է հարուցել։ Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, բայց նա դեռևս չի հայտնաբերվել։