Երևանում հայտնի տնտեսագետ, մարկետոլոգ Յուրի Մինասյանին դաժան ծեծի ենթարկելով մահվան հասցնելու կասկածանքով ոստիկանությունը փնտրում է «Բեսլան» կամ «Բացիլ Հարութ» մականվամբ Երևանի բնակիչ Հարություն Մկրտչյանին, հայտնում է Shamshyan.com-ը:
Կայքի տեղեկություններով՝ նա ակտիվ մասնակցություն է ունեցել մարտի 6-ին Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքին, որի հետևանքով Մինասյանը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Քննությամբ պարզվել էր, որ Մինասյանը մարտի 5-ին իր ընկերների հետ գտնվել էր Պուշկին փողոցում գործող «Բիթլզ» ակումբում, որտեղ տարաձայնություններ էին առաջացել այնտեղ գտնվող մեկ այլ անձի՝ Երևան քաղաքի բնակիչ Հ․Մ․-ի հետ։ Պարզաբանումների նպատակով վերջիններս դուրս էին եկել այնտեղից և գնացել Փարպեցի փողոցում գտնվող Սրբ. Զորավոր եկեղեցու հետնամաս։ Այնտեղ վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, որի ընթացքում Հ․ Մ․-ն բռունցքներով հարվածներ էր հասցրել Մինասյանի դեմքին՝ պատճառելով ծանր զուգակցված գանգուղեղային վնասվածք՝ գանգի բազմաթիվ ոսկրերի կոտրվածքներով:
Ոստիկանները Խաչիկյանին հայտնաբերել և բերման են ենթարկել, իսկ Մկրտչյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Կայքի տվյալներով՝ Մկրտչյանը նախկինում դատապարատված է եղել խուլիգանության և դանակահարության համար:
Մարտի 6-ին Քննչական կոմիտեն դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել։ ՔԿ-ն հայտնել էր, որ մարտի 5-ին Երևան քաղաքի Պուշկին փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ծեծի է ենթարկվել Երևան քաղաքի բնակիչ Մինասյանը մարտի 14-ին հիվանդանոցում մահացել է։