Վարդենիսի բնակիչը Երևանի տարբեր վայրերում տեղադրել է տարբեր քաշերով 6 փաթեթ թմրամիջոց, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նա կալանավորվել է թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով։ Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել է 14 փաթեթ՝ բաց շագանակագույն, կոշտ զանգվածով։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նա ձերբակալվել է:
Նախաքննության ընթացքում կատարվել է ցուցմունքը տեղում ստուգելու քննչական գործողություն, որի ընթացքում հիշյալ անձը մատնացույց է արել այն վայրերը, որտեղ ինքը տեղադրել է տարբեր քաշերով ընդհանուր 6 փաթեթ թմրամիջոց։
«Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն, որի եզրակացությամբ պարզվել է, որ փորձաքննության ենթարկված դարչնասպիտակավուն երանգի փոշեբյուրեղանման զանգվածը «a-PVP» կրճատ անվամբ թմրամիջոց է։ Ընդհանուր՝ 20 փաթեթում եղել է 1,535 գրամ քաշով «a-PVP» կրճատ անվամբ թմրամիջոց, 14 փաթեթ հայտնաբերվել է վերջինիս անձնական խուզարկությամբ, իսկ 6-ը՝ տարբեր թաքստոցներից։ Նա ընդունել է մեղքը»,- հայտնում է ՔԿ-ն։
Նախաքննության ընթացքում միջնորդություն է ներկայացվել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում ներգրավված հնարավոր այլ մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: