Գորիսում տեղի ունեցած երեք անձի նկատմամբ մահափորձի գործով ձերբակալվել է Գորիսի 38-ամյա բնակիչը, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:
Իրավապահները պարզել են, որ Գորիսի սրտաբանական հիվանդանոցի դիմաց տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Գորիսի 38-ամյա բնակիչն առերևույթ սպանության փորձ է կատարել նույն քաղաքի բնակիչ 40-ամյա տղամարդու և նրա երկու եղբայրների նկատմամբ՝ կրակոցներ արձակելով նրանց ուղղությամբ։
«Մեքենան վնասելուց հետո, տղամարդը մի քանի կրակոց էլ արձակել է դրա վարորդի՝ արդեն մեքենաներից դուրս եկած եղբայրների ուղղությամբ, ինչի արդյունքում նրանցից մեկին պատճառվել է ազդրի հրազենային վնասվածք»,- ասվում է ՔԿ-ի հայտարարության մեջ։
Նշում են, որ կասկածյալն առնվազն 4 դիմահար կրակոց է արձակել 40-ամյա տղամարդու եղբոր վարած մեքենայի ուղղությամբ: Նրա մոտ հայտնաբերվել է «AK-74» տեսակի ինքնաձիգ, ապօրինի կերպով պատրաստված «Մակարով» տեսակի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող առնվազն 35՝ տարբեր տրամաչափի փամփուշտներ:
Կասկածյալի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և հայտարարվել հետախուզում, նա մարտի 14-ին հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։
Գորիսի 38-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (այլ անձանց համար վտանգավոր եղանակով սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը, պատժվում է մինչև առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկմամբ):
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը վերահաստատելու վերաբերյալ, որը բավարարվել է և անձը կալանավորվել է։ Իրավապահները միջոցառումներ են ձեռնարկվում նաև 38-ամյա տղամարդու կողմից ապօրինի գործադրած զենքի ձեռքբերման աղբյուրն ու այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ։