Քննչական կոմիտեն հայտնել է մարտի 19-ին Սյունիքի մարզի Երևան-Մեղրի ավտոճանապարհին 4 կյանք խլած ողբերգական ավտովթարի մանրամասները, տեղեկանում ենք ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանի Facebook-յան էջից։
ՔԿ-ն պարզել է, որ «VAZ 21063» մակնիշի մեքենայի ղեկին է եղել Վայոց ձորի մարզի 38-ամյա բնակիչը, իսկ «Opel Astra 1.6» մեքենան վարել է Սյունիքի մարզի 39-ամյա բնակիչը։ Մեքենաների բախման պատճառով «VAZ 21063» մակնիշի ավոմեքենայում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով 38-ամյա վարորդն ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Սիսիանի բժշկական կենտրոն, իսկ 4 ուղևորները՝ նրա 35-ամյա կինը, 11-ամյա որդին, կնոջ 68-ամյա հորեղբայրը և վերջինիս 67-ամյա կինն ստացած այրվածքներից տեղում մահացել են: Վարորդի առողջական վիճակը, ՔԿ տվյալներով, բավարար է։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարի ժամկետով)։
Մարտի 19-ին հայտնի էր դարձել, որ Սյունիքում ողբերգական ավտովթարի հետևանքով ընտանիքի 4 անդամ է մահացել։