Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի դեմ ցուցմունք տված Թոռնիկ Ալիյանը` Ագրարային համալսարանի ուսխորհրդի քարտուղարը, պետական համակարգում աշխատանքի է անցել, գրում է «Հրապարակ օրաթերթը»՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ Ալիյանն աշխատանքի է անցել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում, ինչը թերթին հաստատել են կառույցից։
Ալիյանի ցուցմունքից հետո Չալաբյանը մեղադրվել էր Ագրարային համալսարանի ուսանողներին ընդդիմության հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար: Շուրջ 3 ամիս կալանքի տակ մնալուց հետո Չալաբյանն ազատ էր արձակվել՝ 15 միլիոն գրավի դիմաց։
Դատարանը Չալաբյանին դատապարտել էր ազատության սահմանափակման 2 տարի 6 ամիս ժամկետով՝ արգելելով կազմակերպել հավաքներ, մասնակցել հավաքների և այլ հանրային միջոցառումների, ինչպես նաև առանց նրա վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության փոխել բնակության վայրը: