ՔԿ-ն հայտնել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի ձերբակալության մանրամասները։
Գերատեսչության մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի խոսքով՝ Սամսոնյանը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում (Խուլիգանություն մի խումբ անձանց կողմից` տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև հինգ տարի ժամկետով)։ Այլ մանրամասներ Աբրահամյանը չի հայտնել։
Ըստ փաստաբան Ռուբեն Մելիքյանի՝ իրավապահները Սամսոնյանին ձերբակալել են «շատ կոշտ ձևով»։ Փաստաբանը տեղեկացել է, որ ՔԿ-ում իրեն ասել են, որ Սամսոնյանը գտնվում է Նոր Նորքի ոստիկանության բաժնում։ Նրա խոսքով՝ Սամսոնյանի նկատմամբ իրականացվում է անձնական խուզարկություն։
«Տեղի է ունեցել իրավունքի խախտում, քանի որ նրան թույլ չեն տվել տեղեկացնել փաստաբանին։ Մարդուն մեղադրում են «Իմնեմնիմի» հաղորդաշարն իրականացնելու, ընդդիմադիր խոսքի համար։ Այս պահին ԱԺ 4 պատգամավոր է այստեղ՝ Աննա Մկրտչյանը, Քրիստինե Վարդանյանը, Ասպրամ Կրպեյանը և Ագնեսա Խամոյանը»,- տեղեկացրել է Մելիքյանը։
Փաստաբանի խոսքով՝ 6 ժամվա ընթացքում՝ հաշված 12։00-ից, Սամսոնյանը պետք է տեղափոխվի ՀՀ քննչական վարչություն։ Քննիչները, ըստ ընթացակարգի, կամ պետք է ազատ արձակեն, կամ պետք է դատարան մտնեն խափանման միջոցի համար, տեղեկացրել է նա։
«Հնարավոր՝ այսօր ավելի ուշ ունենանք դատական նիստ։ Քննչական մարմինն իրավունք ունի դատարանին միջնորդել կիրառել կալանքը որպես խափանման միջոց, իրավունք ունի տնային կալանք կամ վարչական հսկողություն կիրառելու միջնորդություն իրականացնել։ Բոլորս էլ հասկանում ենք, որ այստեղ միայն Սամսոնյանի մասին չէ խոսքը, սա ուղղված է ընդդիմադիր խոսք արտահայտող հաղորդմանը, ընդդմիդաիր խոսքը լռեցնելուն»,- ասել է նա։
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ սկսվել է ուսումնասիրություն: Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման այց է իրականացվել և այս պահին Պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժնում:
Մարտի 15-ին Սամսոնյանն արդարացվել էր, նա մեղադրվում էր «բռնության կոչ» հնչեցնելու համար։