Քննչական կոմիտեն «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին խուլիգանություն կատարելու հոդվածով մեղադրանք է առաջադրել, հայտնում են ՔԿ-ից։
Գերատեսչությունից պարզաբանում են, որ մարտի 20-ի հաղորդման ընթացքում նրանք «հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել ՀՀ կառավարության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին»։
ՔԿ-ն ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով (Խուլիգանություն մի խումբ անձանց կողմից` տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 5 տարի ժամկետով) քրեական վարույթ է նախաձեռնել:
Մարտի 22-ին ձերբակալվել էր Նարեկ Սամսոնյանը, ավելի ուշ նախկին պատգամավոր Արման Սաղաթելյանը հայտնել էր եղբոր՝ Վազգեն Սաղաթելյանի ձերբակալության մասին։ Ըստ փաստաբան Ռուբեն Մելիքյանի՝ իրավապահները Սամսոնյանին ձերբակալել էին «շատ կոշտ ձևով»։ ՀՀ ՄԻՊ գրասենյակը Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ուսումնասիրություն է սկսել։ Մարտի 15-ին Սամսոնյանն արդարացվել էր, նա մեղադրվում էր «բռնության կոչ» հնչեցնելու համար։