Իրավապահները հայտնաբերել են Երևանի բնակիչ Յուրի Մինասյանի վրա հարձակվելու մեջ մեղադրվողին, հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ տվյալ անձը Երևան քաղաքի բնակիչ Հ․Մ․-ն: Նա հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։
ՔԿ խոսնակը տեղեկացրել է, որ նրան ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ և 15-րդ կետով (խուլիգանական դրդումներով մեկ ուրիշին ծանր մարմնական վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է հանցագործությունից տուժած անձի մահ)։
Դատարան է ներկայացվել Հ.Մ.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերահաստատելու հարցը կրկին քննարկելու միջնորդություն։
Մարտի 15-ին Shamshyan.com-ը հայտնել էր, որ Երևանում հայտնի տնտեսագետ, մարկետոլոգ Յուրի Մինասյանին դաժան ծեծի ենթարկելով մահվան հասցնելու կասկածանքով ոստիկանությունը փնտրում է «Բեսլան» կամ «Բացիլ Հարութ» մականվամբ Երևանի բնակիչ Հարություն Մկրտչյանին:
Քննությամբ պարզվել էր, որ Մինասյանը մարտի 5-ին իր ընկերների հետ գտնվել էր Պուշկին փողոցում գործող «Բիթլզ» ակումբում, որտեղ տարաձայնություններ էին առաջացել այնտեղ գտնվող մեկ այլ անձի՝ Երևան քաղաքի բնակիչ Հ․Մ․-ի հետ։ Պարզաբանումների նպատակով վերջիններս դուրս էին եկել այնտեղից և գնացել Փարպեցի փողոցում գտնվող Սրբ. Զորավոր եկեղեցու հետնամաս։ Վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, որի ընթացքում Հ․ Մ․-ն բռունցքներով հարվածներ էր հասցրել Մինասյանի դեմքին՝ պատճառելով ծանր զուգակցված գանգուղեղային վնասվածք՝ գանգի բազմաթիվ ոսկրերի կոտրվածքներով:
Ոստիկանները Խաչիկյանին հայտնաբերել և բերման էին ենթարկել, իսկ Մկրտչյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Մարտի 6-ին Քննչական կոմիտեն դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել։ ՔԿ-ն հայտնել էր, որ մարտի 5-ին Երևան քաղաքի Պուշկին փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ծեծի ենթարկված Երևան քաղաքի բնակիչ Մինասյանը մարտի 14-ին հիվանդանոցում մահացել էր։