Քրեական հեղինակությանը դիմելու և շորթման գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել քրեական հեղինակություն հանդիսացող անձի և ևս 2 անձի նկատմամբ, հայտնում է Քննչական կոմիտեն՝ ներկայացնելով դեպքի մանրամասները։
Մասնավորապես, Երևանի 47-ամյա բնակիչն անօրինական կերպով շինություն է կառուցել Երևանի 43-ամյա բնակչին պատկանող հողատարածքում և պնդել, որ հիշյալ հողատարածքը գրանցվի իր անվամբ, ինչին վերջինս չի համաձայնել։ Նշված հարցի հետ կապված 47-ամյա տղամարդն օժանդակության խնդրանքով դիմել է քրեական ենթամշակույթ կրող հայտնի անձի։ Վերջինիս, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նա գնացել է վերոնշյալ հողատարածք և կրկին պահանջել անվանափոխել հիշյալ տարածքը։
«47-ամյա տղամարդը կնոջ եղբոր՝ 50-ամյա տղամարդու հետ հիշյալ հողատարածքում հանդիպել է 43-ամյա քաղաքացու եղբորը, սպառնալիքներ հնչեցրել նրանց հասցեին, որից հետո զանգահարել են քրեական ենթամշակույթի կրող հայտնի նույն անձին, ով ևս սպառնացել է եղբայրներին։ Քրեական վարույթի շրջանակներում 43-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող, զննության են ենթարկվել վերջինիս կողմից ներկայացված տեսագրությունները»,- հայտնում է ՔԿ-ն։
Ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ քրեական ենթամշակույթի կրող հայտնի անձի, 47-ամյա տղամարդու և վերջինիս կնոջ եղբոր նկատմամմ քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարել է։ Հիշյալ անձինք ձերբակալվել են։
Դատարանի որոշմամբ՝ քրեական ենթամշակույթի կրող հայտնի անձի և 47-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ վերջինիս կնոջ եղբոր նկատմամբ՝ տնային կալանքը։ Նախաքննությունը շարունակվում է։