ՀՀ քննչական կոմիտեն ահաբեկչության հոդվածով քրեական գործ է հարուցել Նոր Նորքի ոստիկանությունում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, հայտնում են կոմիտեից։
«Ոստիկանության Նոր Նորքի բաժին 3 անձի ներխուժման, սպառնալիքներ հնչեցնելու և պայթյուն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ահաբեկչություն՝ ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով)»,- ասվում է ՔԿ տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ ԱԱԾ ծառայողների կողմից վնասազերծված 3-րդ անձը ձերբակալվել է։
Մարտի 24-ին՝ ժամը 17.00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել է ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2-ը վիրավորվել է։ Շուրջ 2 ժամ տևած բանակցություններից հետո ԱԱԾ-ն վնասազերծել է նաև 3-րդ անձին։