Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը մարտի 22-ին մերձմոսկովյան Crocus City Hall համերգասրահում ահաբեկչության մեջ մեղադրվող 4 անձի կալանավորելու որոշում է կայացրել, հայտնում է РБК- ն:
Կալանավորվածներին ՌԴ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել (ահաբեկչություն, առավելագույն պատիժը՝ ցմահ ազատազրկում):
Ահաբեկչության մեջ մեղադրվող Միրզոև Դալերջոն Բարատովիչը և Սաիդակրամի Մուրոդալի Ռաչաբալիզոդանը, որոնք դատարանի որոշմամբ կալանավորվել են, դատարանում ամբողջությամբ ընդունել են մեղքը։ Մյուս երկուսը՝ Շամսիդին Ֆարիդունին և Մուհամմադսոբիր Ֆայզովը, դեռ չեն ընդունել մեղքը։
Մարտի 22-ի երեկոյան անհայտ անձինք կրակել էին Մոսկվայի մարզի Crocus City Hall համերգասրահում՝ «Պիկնիկ» ռոք խմբի համերգից առաջ։ Մարտի 23-ին իրավապահները ձերբակալել էին ահաբեկչության մեջ կասկածվողներին, ձերբակալվածներից մեկը խոստովանել էր, որ մարտի 4-ին ժամանել է Թուրքիայից։ Ահաբեկչության հետևանքով զոհվել է 137, վիրավորվել՝ 182 մարդ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ահաբեկչության կապակցությամբ ցավակցություն էր հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ ՌԴ նախագահը մարտի 24-ը Ռուսաստանում համազգային սգո օր էր հայտարարել։ Մարտի 24-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր ահաբեկչության հետևանքով Հայաստանի քաղաքացու մահվան մասին։