Ներքին գործերի նախարարությունը հայտնել է Նոր Նորքի ոստիկանական բաժանմունքի վրա մարտի 24-ին հարձակում գործած և նռնակ պայթեցրած անձանց ինքնությունը։
Գերատեսչությունը չի հայտնել նրանց անունները, նշել է միայն սկզբնատառերը։ Ըստ ՆԳՆ-ի՝ նռնակը պայթեցրել է 55-ամյա Ա.Մ.-ն։ Նա և 51-ամյա Վ.Գ.-ն պայթյունի հետևանքով ոտքերի շրջանում բեկորային վնասվածքներ են ստացել և հոսպիտալացվել, իսկ զինված խմբի երրորդ անդամը՝ 34-ամյա Ս.Հ.-ն, վնասազերծվել է ոստիկանության աշխատակիցների կողմից։
ՆԳՆ-ն հայտնել է դեպքի այլ մանրամասներ ևս․ նռնակներով զինված երեք տղամարդ մոտեցել է Նոր Նորքի բաժնի հերթապահ մասի պատուհանին և սպառնացել պայթեցնել։ Ոստիկանության աշխատակիցը փակել է պատուհանը, որից հետո հարձակվողներից մեկը նռնակ է նետել, այն պայթել է հերթապահ մասի մուտքի մոտ։
ՆԳ փոխնախարար, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ բանակցություններ են սկսվել ոստիկանության բաժանմունքի մուտքի մոտ նռնակը ձեռքին մնացած երրորդ տղամարդու հետ, որից հետո վնասազերծել են նրան։ Վերջինիս մոտ հայտնաբերվել է 4 նռնակ, ասված է հաղորդագրության մեջ։
Մարտի 24-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել էր ներխուժել Նոր Նորքի բաժնի ոստիկանության վարչական շենք, գործադրել նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2-ը վիրավորվել էր և տեղափոխվել հիվանդանոց։ Ավելի ուշ վնասազերվել էր երրորդ քաղաքացին։
Ըստ նախարարության՝ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ահաբեկչություն՝ ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով):