Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի և «Ադեկվադ» կուսակցության համահիմնադիր Արթուր Դանիելյանի գանգատները, հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Փաստաբանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացել է երկու ծանուցում՝ իր կողմից ներկայացված գանգատները նախնական ընդունելու մասին: «Այդ գործերն են Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ (հայտնի միջադեպի գործով) և Արմեն Աշոտյանի գանգատը՝ իրեն իրավասություն չունեցող դատարանի կողմից կալանավորելու մասին (Հակակոռուպցիոն դատարանն իրավասու չի եղել քննելու դատական երաշխիքների, այդ թվում՝ կալանքի, վարույթները)»,- նշել է նա:
Աթանեսյանը հավելել է, որ որոշ ժամանակ անց գործերով կսկսվի կոմունիկացիան՝ կողմերին հարցեր ուղղելը: «Հուսամ՝ մի օր արդարադատությունը կվերականգնվի, և Ալեն Սիմոնյանը, նրան քրեական պատասխանատվությունից ազատած Ս. Խաչատրյանի աշխատակիցները, դատախազները և այդ ամենին կնիք դրած դատավորները, Հակակոռուպցիոն դատարանի դատավորներ Ս. Դադոյանը, Գ. Հովհաննիսյանը և Ա. Նահապետյանը կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության»,- գրել է փաստաբանը:
Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը 2020 թվականի օգոստոսի 29-ին Երևանի կենտրոնում Դանիելյանի հետ ծեծկռտուքից հետո Սիմոնյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում էր կայացրել, մինչդեռ Դանիելյանին մեղադրանք էր առաջադրվել խուլիգանության հոդվածով։
2022 թվականի նոյեմբերի 16-ին Աշոտյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար՝ Երևանի պետական բժշկական համալսարանի համար անշարժ գույք ձեռք բերելու գործով։ Հակակոռուպցիոն դատարանը հունվարի 8-ին 3 ամսով երկարացրել էր ՀՀԿ փոխնախագահի կալանքը։