Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում ցանկացած ներխուժում բնակիչներին ռազմական թիրախ է դարձնելու, ապրիլի 1-ին ասուլիսի ժամանակ նշել է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։ Նա ընդգծել է ֆիզիկական անվտանգությանն սպառնացող հնարավոր վտանգի մասին։
«Ցանկացած ներխուժում բնակիչներին դարձնելու է ռազմական թիրախ, այստեղ կարող ենք ունենալ մարդկային էական կորուստներ, սակայն այլ խնդիրներ էլ կան։ Ադրբեջանական զորքերը մշտապես ունենում են այնպիսի տեղակայում, երբ վերահսկողության տակ են վերցնում կենսական նշանակություն ունեցող օբյեկտներ։ Դրանք կարող են լինել ջրամբարներ, էլեկտրակայաններ կամ բնականոն կյանքի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ։ Այս կենսական նշանակության օբյեկտները թիրախավորելով՝ պարտադրում են բնակչությանը լքել իրենց բնակավայրերը»,- ասել է իրավապաշտպանը։
Սահակյանը նշել է նաև գույքային իրավունքների խնդրի առկայության մասին։
«Այստեղ կա նաև գույքային իրավունքների խնդիր, քանի որ այս անձինք ունեն պաշտպանված սեփականության, սեփական բնակավայրում ապրելու իրավունք։ Այս խնդիրը կա նաև արցախցիների մասով։ Անկախ Արցախի մասով տրված քաղաքական լուծումներից՝ Արցախի ժողովուրդն այնտեղ վերադառնալու և ապրելու իրավունք ունի»,- հավելել է Սահակյանը։
Նա շեշտել է, որ Տավուշի դեպքում «խնդրահարույց» համարվող տարածքները գտնվում են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում։
«Այս դեպքում մարդու իրավունքների խախտումները կարող են որակվել որպես միջազգային հանցագործություններ։ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը հնարավորություն կտա արձագանքել խախտումներին՝ խնդիրը ներկայացնելով Միջազգային քրեական դատարանի ուշադրությանը»,- նկատել է իրավապաշտպանը։
Մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակն անվանել էր այն սահմանամերձ գյուղերը, որոնք Բաքուն պահանջում է Երևանից։ Բաքուն 8 գյուղի թվում նշել էր Տավուշի մարզի 7 բնակավայր, այդ թվում՝ Ներքին Ոսկեպարը և Վերին Ոսկեպարը։
Մարտի 18-ին Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ հանդիպմանը Փաշինյանը, ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի, հայտնել էր, որ «եթե Ադրբեջանին մարզի չորս գյուղ չհանձնեն, պատերազմ կլինի»։ Նույն օրը՝ ավելի ուշ, Փաշինյանը հայտարարել էր Բաքվի կողմից սահմանազատման նախապայմանների մասին։ Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպար և Կիրանց բնակավայրերի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում կունենան Սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ:
Մանրամասները՝ տեսանյութում։