Մի շարք առերևույթ հանցագործություններ կատարելու համար կալանավորվել է Երևան քաղաքի բնակիչ Ս.Վ.-Ն («Ճվճվ Արոյի» որդին՝ Սարգիս Վարդանյանը-խմբ․), հայտնում են Քննչական կոմիտեից։
ՔԿ-ից նշել են, որ Վարդանյանը հունվարի 24-ին, իր անձի առավելությունը հասարակության մյուս անդամների նկատմամբ ի ցույց դնելու նպատակով՝ ավտոմեքենան մեծ արագությամբ է վարել է։ ՔԿ տվյալներով՝ Երևանի Ազատության պողոտայի և Թբիլիսյան խճուղու հատման տարածքում գործող սննդի կետի մոտ նա ավտոմեքենայով հարվածել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի՝ վնասելով այն։
Գերատեսչությունն ընդգծել է, որ Վարդանյանն իր պահվածքով բացահայտ արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել իրավական նորմերի նկատմամբ։
«Նա չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին և ավտոմեքենայով հարվածել է ոստիկանների ծառայողական ավտոմեքենային։ Փորձելով խուսափել պարեկների հետապնդումից՝ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի տարածքում ավտոմեքենան կայանել է ճանապարհի երթևեկելի հատվածում և, դուրս գալով ավտոմեքենայից, դիմել փախուստի, սակայն ոստիկանության ծառայողների կողմից բռնվել է։ Նա բռնություն է գործադրել ոստիկանների նկատմամբ՝ ոտքով հարվածելով նրանցից մեկին և հայհոյել է հավաքված մարդկանց ներկայությամբ»,- հայտնել են ՔԿ-ից։
Իրավապահները պարզել են, որ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չի ունեցել, նա նաև հրաժարվել է սթափության զննության ենթարկվելուց, իսկ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց:
Վարդանյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (գույքը վնասելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարի ժամկետով), 344-րդ հոդվածի 2-րդ մասով (տրանսպորտային միջոց վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 2 տարի ժամկետով), 396-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցներ պահելը, իրացնելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 1 տարով), 452-րդ հոդվածի 2-րդ մասով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (pաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 3-5 տարով)։