Հակակոռուպցիոն դատարանի վճռով գործարար Սամվել Մայրապետյանը և «Գլոբուս» ՍՊԸ ընկերության տնօրեն Գագիկ Հակոբջանյանը պետությանն ավելի քան 4 մլրդ դրամ կվճարեն, հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից։
«Դատավոր Կարապետ Բադալյանի կողմից ապրիլի 5-ին կայացրած վճռի հիման վրա գործարար Մայրապետյանից և «Գլոբուս» ՍՊԸ ընկերության տնօրեն Հակոբջանյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 4 մլրդ դրամ գումար (10 ԱՄՆ դոլար)»,- մանրամասնել են ԲԴԽ-ից։
Մայրապետյանն արձագանքել է վճռի հրապարակմանը՝ այն անվանելով «հակաիրավական» գործընթաց։
«Ես միշտ գիտակցել եմ, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները ինձ չեն ներում այն բանի համար, որ ինձնից չստացան իրենց կողմից ակնկալվող սուտ ցուցմունքները, և որ ես ու ըմտանիքիս անդամները ենթարկվելու ենք բոլոր տեսակի հնարավոր ճնշումներին»,- հայտարարել է գործարարը։
2022-ի հունիսին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ 2002թ. մայիսի 16-ից Հակոբջանյանը Մայրապետյանի առաջարկով ստանձնել է փաստացի վերջինիս պատկանող «Գլոբուս» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը։ Ըստ դատախազության՝ պարզվել է, որ 2004-ին «Գլոբուսը» պայմանագիր է կնքել այլ ՍՊԸ-ի հետ և Տերյան 66 հասցեում բնակելի շենք կառուցել։
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Հակոբջանյանը և Մայրապետյանը ֆիզիկական անձանց հետ 141 բնակարանի առուվաճառքի պայմանագրեր են կնքել և այնտեղ շուկայական արժեքներից էականորեն ցածր գներ են նշել։ Հակոբջանյանը «Գլոբուսի» փաստացի եկամուտը չի ներառել հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում՝ այդ կերպ պետական բյուջե չվճարվելով առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 5.678.764.260 ՀՀ դրամի հարկ։