2016թ․ դեկտեմբերից մինչև 2020թ․ ապրիլն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզի Գեղամավանի համայնքապետարանի բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձը համայնքին պատճառել է 2․790․000 դրամ գույքային վնաս, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:
Իրավապահները պարզել են, որ տվյալ անձը, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներով, ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով պաշտոնավարման ընթացքում իր լիազորությունները պատշաճ չի կատարել և վարձակալության տրված հողամասի դիմաց վճարվելիք 2․790․000 ՀՀ դրամ գումարը չի մուտքագրվել համայնքի բյուջե։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Գեղամավանի համայնքապետարանի բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական անփութություն, պատժվում է տուգանքով կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով):
Գերատեսչությունը հավելում է, որ քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, հաստատելու և դատարան ուղարկելու համար ուղարկվել են հսկող դատախազին։