Քննչական կոմիտեն մեղադրանք է ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հորը՝ Վաչիկ Սաղաթելյանին, հայտնել է «Ժողովուրդ»-ը։
Թերթի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի Գեղամավանի համայնքապետարանի բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձին մեղադրանք ներկայացնելու՝ ՔԿ-ի ապրիլի 5-ին հրապարակված հաղորդագրությունը վերաբերվում է պատգամավորի հորը։
Ըստ այդ հաղորդագրության՝ բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձի պաշտոնեական անփութության հետևանքով համայնքին պատճառվել է 2 790 000 դրամի գույքային վնաս։
Սաղաթելյանի մեղադրանքը վերաբերում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասին, այն է՝ պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին (պատժվում է առավելագույնը երկու ամիս ժամկետով ազատազրկմամբ):
Հաղորդագրության տեքստում ասված է, որ մեղադրյալը 2010 թվականին համայնքային 0,02 հա տարածք է ամսական 3000 դրամի վարձավճարով տվել մեկ քաղաքացու՝ 25 տարով գյուղատնտեսությամբ զբաղվեու համար, իսկ ավելի ուշ՝ հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող ընկերության հետ նույն հողամասը 10 տարով տարեկան 840 000 դրամի դիմաց ենթավարձակալելու պայմանագիր է կնքել։ Ըստ ՔԿ-ի՝ չնայած հողի ոչ նպատակային օգտագործմանը՝ նախորդ պայմանագիրը չի կասեցվել, ինչն առաջացրել է գույքային վնաս։
Կոմիտեն հայտնում է, որ նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատախազին։
Մարտի 29-ին ԶԼՄ-ները հաղորդել էին, որ դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ։ Սաղաթելյանն ասել էր, որ գործը «կարել են», և դա անվանել էր «քաղաքական հետապնդում՝ իր վրա ճնշում գործադրելու նպատակով»։