2022 թվականի Ադրբեջանի ԶՈւ կողմից հարձակման ժամանակ ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային գումարտակի վաշտի ավագ, պայմանագրային զինծառայող Վ.Գ.-ն և ջոկի հրամանատար Ն.Մ.-ն անձնակազմին կարգադրել են թողնել մարտական դիրքերը, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Մասնավորապես, Գեղարքունիքի մարզի մարտական դիրքերում ընդգրկված լինելով զորամասի պահպանության հերթապահությանը՝ նրանք խախտել են մարտական հերթապահություն կրելու կանոնները, չեն դիմակայել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի դեմ իրականացված հարձակմանը:
«Վ.Գ.-ն և Ն.Մ.-ն, առանց մարտ վարելու, ենթակա անձնակազմի հետ, չկազմակերպված ձևով լքել են մարտական դիրքերը, ինչը հանգեցրել է մարտական հերթապահության կրման բնականոն ընթացքի խաթարմանը՝ ռազմական գործողությունների ընթացքում մարտական դիրքերը մնացել են առանց պաշտպանության»,- ասված է հաղորդագրությունում:
Ըստ դատախազության՝ նույն օրը, նշված անձնակազմի փոխարեն, վերոնշյալ դիրքերում մարտական հերթապահության իրականացմանը ներգրավվել են նոր ուժեր. նույն զորամասի այլ ստորաբաժանման զինծառայողները տեղակայվել են մարտական դիրքերում և պաշտպանություն իրականացրել:
Նշվում է, որ դատախազը 2023 թվականի դեկտեմբեր 20-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Վ.Գ.-ի և Ն.Մ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 6-րդ մասով (մարտի պարագաներում մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը)։ Դատախազը 2024 թվականի ապրիլի 8-ին հաստատել է Վ.Գ.-ի և Ն.Մ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան:
Սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու, խոշոր տրամաչափի զինատեսակների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ սկսել էր գնդակոծել հայկական դիրքերն ու քաղաքացիական օբյեկտները Գորիսի, Սոթքի, Ջերմուկի և Սյունիքի, Գորիսի, Վայոց ձորի այլ բնակավայրերի ուղղությամբ։ Սեպտեմբերի 14-ի երեկոյան Երևանն ու Բաքուն միջազգային հանրության աջակցությամբ կարողացել էին պայմանավորվել զինադադարի շուրջ։