ՀՀ գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Գյումրիում ՌԴ ռազմական ոստիկանության կողմից Ռուսաստանում հետախուզման մեջ գտնվող ՌԴ քաղաքացու առևանգման մասին հաղորդագրությունները։
Դատախազի գլխավոր խորհրդական Լուսինե Մարտիրոսյանն Armenia Today-ին հայտնել է, որ հասարակական կազմակերպությունից Գլխավոր դատախազությունն ստացել է դեպքի մասին հաղորդումը: «Հաղորդմանն օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել»,- նշել է նա՝ հավելելով, որ այս պահին այլ ինֆորմացիա չի կարող փոխանցել:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Գյումրիում ՌԴ ռազմական ոստիկանության աշխատակիցներն առևանգել են ՌԴ քաղաքացի Անատոլի Շչետինինին և պահում են 102-րդ ռազմաբազայի տարածքում։
«Շչետինը գտնվում է հետախուզման մեջ և ապաստանել էր ՀՀ-ում զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով»,- հայտնել էր կազմակերպությունը։ Ըստ կազմակերպության տվյալների՝ ՌԴ ռազմաբազայի աշխատակիցները պատրաստվում են Շչետինինին ինքնաթիռով տեղափոխել ՌԴ:
Գրասենյակը ՀՀ գլխավոր դատախազությունից, ՀՀ Ներքին գործերի նախարարությունից պահանջել է անհապաղ միջոցներ ձեռնարկել և ազատել Շչետինին, իսկ Ազգային անվտանգության ծառայությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել՝ կանխելու նրա բռնի տեղափոխումը ՀՀ սահմանից դուրս։
Սա նմանատիպ երկրորդ միջադեպի մասին հաղորդումն է։ 2023 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հայտարարել էր, որ ռուսական 102-րդ բազայի ռազմական ոստիկանները Գյումրիում բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի Դմիտրի Սետրակովին։ Դեկտեմբերի 19-ին հայտնի էր դարձել, որ ձերբակալվածը վերադարձել է Ռուսաստան։
Դեկտեմբերի 20-ին Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ չի ստացել, չի քննարկել կամ բավարարել Սետրակովին ձերբակալելու, կալանավորելու և Ռուսաստան արտահանձնելու միջնորդությունը։ Դեկտեմբերի 21-ին Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանը հայտնել էր, որ Հայաստանում ՌԴ ռազմական ոստիկանության կողմից ձերբակալված ռուսաստանցու հարցով դիմել էր իրավասու մարմիններին։