Շուրջ 2 տարի անց ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի տարածքում պայթյուն իրականացրած ենթադրյալ հանցագործն անցնում է ՔՊ գրասենյակի և պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տանը պայթուցիկներ տեղադրելու գործով, հայտնել է «Ժողովուրդ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տեղեկությամբ՝ կասկածյալը Երևան քաղաքի բնակիչ Գարեգին Վ.-ն է, որի գտնվելու վայրն իրավապահներին հայտնի չէ։ Նրա հանդեպ ՔԿ-ն հետախուզում է հայտարարել։
Գերատեսչությունը հայտնել էր, որ պայթուցիկ սարքերի տեղադրման կազմակերպմանը, բացի վարույթով մեղադրյալ Գ. Ս.-ից և ինքնությունները դեռևս չբացահայտված անձանցից, մասնակցել է նաև 42-ամյա Գ. Վ.-ն, որի անունն էլ գաղտնազերծել է թերթը։
Մարտի 13-ին ՔԿ-ն հայտնել էր, որ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով քրեական հետապնդում է հարուցել չորս մեղադրյալի նկատմամբ՝ 2024թ․ փետրվարի 10-ին Երևանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տանը (Նոյ թաղամաս, 143/1), 2024թ․ փետրվարի 20-ին ՔՊ գրասենյակում (Գյուլբենկյան 30/3), ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանի գրասենյակում (Գյուլբենկյան 33) ահաբեկչություններ կազմակերպելու համար։
Ձերբակալվածներից մեկը «Դաշնակցություն» կուսակցության անդամ Գագիկ Սարգսյանն է, մարտի 14-ին Armenia Today-ին հայտնել էր նրա փաստաբան Վահե Եփրիկյանը: Նրան մեկ ամսով կալանավորել էին։