Արմավիրի մարզում տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով անհայտ անձինք հափշտակել են մոտ 5,7 մլն դոլար, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:
Նախնական տվյալներով՝ ապրիլի 10-ին՝ ժամը 07:10-ի սահմաններում, դիմակավորված, ատրճանակներով զինված առնվազն 4 անձ ավտոմեքենայով կանգնեցրել է «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան, վարորդին ու 2 ուղևորին բռնություն գործադրելով իջեցրել ավտոմեքենայից, պառկեցրել գետնին ու ձեռնաշղթաներ հագցրել։
«Հափշտակել են բեռնախցիկում գտնվող ճամպրուկների և պայուսակների մեջ եղած մոտ 1 միլիարդ 24 միլիոն դրամ գումարին համարժեք շուրջ 36 կիլոգրամ ոսկյա երեք ձուլակտոր, մոտ 1 միլիարդ 216 միլիոն դրամին համարժեք 293 միլիոն ռուբլի գումարը և դիմել փախուստի»,- դեպքի մանրամասները հայտնում է ՔԿ-ն:
Գերատեսչությունը մանրամասնում է, որ իրավապահներն ազգականների ահազանգից հետո Արմավիրի մարզի Փարաքար համայնք տանող ճանապարհին հայտնաբերել են «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենա, իսկ մայթեզրին գտնվել է 3 անձ, որոնց ձեռքերին ամրակցված են եղել ձեռնաշղթաներ։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հափշտակություն, պատժվում է մինչև 15 տարի ժամկետով ազատազրկմամբ) և 335-րդ հոդվածի 2-րդ մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը, պատժվում է մինչև 10 տարի ժամկետով ազատազրկմամբ) նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքներն ու առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունները պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու նպատակով։