Մարտի 15–ին Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցում տեղի ունեցած զինված միջադեպի գործով ևս մեկ անձ է կալանավորվել, հայտնում է Քննչական կոմիտեն՝ ներկայացնելով դեպքի մանրամասները։
Մասնավորապես, նույն օրը՝ ժամը 00:14-ի սահմաններում, Ա․Ղ․-ն, դեռևս ինքնությունները չպարզված մի խումբ կողմնակիցների հետ՝ «Mersedes-Benz 63AMG», «Mersedes-Benz CLS 550» և VAZ 21703-110-01» մակնիշի ավտոմեքենաներով, Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցի և Ֆուչիկի 1-ին նրբանցքի հատման խաչմերուկում հանդիպել են «Nissan Altima» և «BMW 525 I» մակնիշի ավտոմեքենաներով հիշյալ վայր ժամանած Ս․Ս․-ի և վերջինիս կողմնակիցների հետ՝ իրենց անչափահաս որդիների միջև ծագած վիճաբանության հարցերի պարզաբանման համար։
«Ա․Ղ.-ն, ապօրինի կերպով ձեռք բերած և իր մոտ ապօրինի կրվող հրազենով՝ լիցքավորված 5.45 մմ տրամաչափի փամփուշտներով բնակելի շենքերի բնակիչների և պատահական անցորդների կյանքի համար վտանգավոր եղանակով կրակոց է արձակել Ս․Ս․–ի և վերջինիս կողմնակիցների ուղղությամբ։ Այնուհետև, շարունակելով զենքի գործադրմամբ խուլիգանական գործողությունները՝ Ա.Ղ.-ն փորձել է Ս.Ս.-ի ձեռքից վերցնել հրազենը, ինչն ուղեկցվել է անկանոն կրակոցներով»,- հայտնում է ՔԿ-ն:
Նշվում է, որ այդ ընթացքում նրանց են մոտեցել նաև Ս․Ս․-ի կողմնակից Ս.Ա.-ն, ով ևս եղել է հրազենով զինված, և ինքնությունները չպարզված անձինք, ովքեր ձեռքերով, ոտքերով և մահակներով, իսկ Ս.Ա.-ն՝ նաև զենքի կոթով հարվածներ են հասցրել գետնին ընկած Ա.Ղ.-ի մարմնի տարբեր հատվածներին: Վերջինիս հետ հիշյալ վայր ժամանած, ինքնությունները չպարզված անձինք, ձեռքերով, ոտքերով և մահակներով հարվածներ են հասցրել գետնին ընկած Ս․ Ս․–ի մարմնի տարբեր հատվածներին:
«Դեռևս ինքնությունը չպարզված անձը, իր մոտ ապօրինի կրվող մարտական նռնակով զինված, դեպքի վայրում գտնվող բազմաթիվ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, Ս․Ս․-ին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, նրա ուղղությամբ նետել է նռնակ, սակայն պայթյունի հետևանքով նշված վայրում գտնվող մեկ այլ անձի պատճառվել են մարմնական վնասվածքներ»,- մանրամասնում է գերատեսչությունը:
Նռնակի պայթեցման հետևանքով՝ հավաքված անձինք դիմել են փախուստի, իսկ Ա․Ղ․ի և Ս․Ս․-ի միջև վիճաբանությունը շարունակվել է Ֆուչիկի 1 նրբանցքի հատվածում գտնվող ավտոլվացման կետի դիմաց, որտեղ ժամանել են պարեկային ոստիկանության աշխատակիցները։ Ս․Ս․-ն, դեպքին մասնակից անձանց հետ, դիմել է փախուստի, իսկ Ա․Ղ․-ն տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ա․Ղ․–ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով, պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով:): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Մարտի 25-ին ՔԿ-ն տեղեկացրել էր, որ նշված քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդումներ են հարուցվել Ս.Ս.-ի և Ս․Ա․-ի նկատմամբ և որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Նշված անձանց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: